«Ես երբեք չեմ խուսափում որևէ դեր խաղալուց, ինձ համար շատ տխուր կլիներ միայն մեկ ուղղվածության դերեր խաղալ». Սոնա Մաթևոսյան

«Ես երբեք չեմ խուսափում որևէ դեր խաղալուց, ինձ համար շատ տխուր կլիներ միայն մեկ ուղղվածության դերեր խաղալ». Սոնա Մաթևոսյան

«Առաջարկը ստացել եմ «Վիտամին ակումբի» պրոդյուսեր Վլադ Սահակյանից: «Կասկածելի երեկո» հաղորդման նկարահանումից հետո Վլադն ինձ ասաց, որ դեռ կաշխատենք միասին, և մի քանի ամիս անց «Women’s Club»-ի թիմում լինելու առաջարկ ստացա»,- պատմում է դերասանուհին:

Շատ դերասանուհիներ երբեմն խուսափում են սերիալներում, օրինակ, սիրուհիների կերպարում խաղալուց զուտ նրա համար, որ ասոցիացիաները սխալ չլինեն: Այն հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում նման դերերին, և արդյո՞ք հումորային նախագծերում դրանք ավելի անցողիկ են և շուտ են մոռացվում, պատասանում է. «Ես երբեք չեմ խուսափում որևէ դեր խաղալուց, սահմանափակումներ չունեմ: Կխաղամ յուրաքանչյուր դեր՝ այն մատուցելով սեփական ընկալմամբ: Իսկ մի՞թե չի կարելի սիրուհու կերպար խաղալ առանց գռեհկության: Իմ սկետչները, վստահ եմ, միայն այդ թեմայով չեն լինի, ինձ՝ որպես դերասանուհու համար շատ տխուր կլիներ միայն մեկ ուղղվածության դերեր խաղալ: Ես դեմ եմ ցանկացած պիտակավորումներին և սահմանափակումներին իմ մասնագիտության մեջ»:

Սոնան նկարահանվում է «Շանթ» հեռուստաընկերության «Outdance» նախագծում, նույն հեռուստաալիքում վարում է եղանակի տեսություն, ասում է՝ իր մասնակցությամբ բոլոր նախագծերը պարտադիր նայում է. «Նայում եմ և սովորում եմ իմ իսկ սխալների վրա՝ հետագայում ավելի վստահ աշխատելու համար: Մինչ օրս եթերում եղած «Women’s Club»-ի երեք թողարկումներն էլ նայել եմ և ծիծաղել, ոչ միայն իմ, այլև մյուս բոլոր մասնակիցների կատարած դերերի վրա»:

Հարցին՝ լինո՞ւմ են դեպքեր, երբ նկարահանման ժամանակ չեն կարողանում զսպել ծիծաղը և ստիպված են լինում կրկնել տեսարանը, դերասանուհին պատասխանեց․ «Մենք այդ փուլն անցնում ենք փորձերի ժամանակ, մի լավ ծիծաղում ենք, ջրիկանում, իսկ նկարահանման ժամանակ շատ զգոն ենք, օգնում ենք իրար: Կողմնակի ծիծաղը բեմում կարող է խանգարել խաղընկերոջդ խաղին: Նման բաները բոլորս էլ հասկանում ենք և հաշվի ենք առնում»:

Դերասանուհին նշում է, որ հանդիսատեսին միշտ ավելի բարդ է ծիծաղեցնել, քան լացեցնել. «Ծիծաղեցնելու համար պետք է առաջին հերթին հավատաս ինքդ քո ասածին, մի վայրկյան անգամ չկասկածես, որ այն, ինչ անում ես, կարող է լավ ստացվել և ծիծաղեցնել: Ոչ մի դեպքում չանես հատուկ բաներ միայն ծիծաղեցնելու համար, սովորաբար նման դեպքերում հակառակ ազդեցությունն է լինում»:

Սոնայի օրը բավականին ծանրաբեռնված է, ասում է՝ եթե սիրում ես աշխատանքդ, ամեն բան էլ հասցնում ես. «Ես երևի չափից շատ եմ սիրում իմ մասնագիտությունը, ապրում եմ դրանով: Սիրում եմ ամեն օր վազքի մեջ լինել, փորձից վազել նկարահանման, հետո՝ ներկայացման, հետո՝ եթերի, հետո՝ նորից փորձի, և շնորհակալ եմ, որ ունեմ հնարավորություն անելու այն, ինչ սիրում եմ, և ինչն ինձ իսկապես հաճույք է պատճառում»:

Այն հարցին՝ ինչպես է կարողանում ներկայանալ միանգամից մի քանի կերպարներում, ասում է, որ հեշտ գործընթաց չէ. «Հենց դրանում էլ կայանում է մեր մասնագիտության գեղեցկությունը՝ սկզբում լինել հեքիաթի հերոս, հետո Women’s Club-ում մարմնավորել երեկույթներ սիրող աղջկա կերպար, իսկ վերջում «Սասնա ծռեր»-ում դառնալ Խանդութ խանում: Ես բնույթով այնպիսին եմ, որ չեմ կարող ստիպված, պարտադրաբար ինչ-որ բան անել: Նկարահանվում եմ «Outdance» սիթքոմում, նշանակում է՝ ինձ լավ եմ զգում նկարահանման հրապարակում: Նույնը մյուս նախագծերի և ներկայացումների մասին կարող եմ ասել»:

ЗАКРЫТЬ

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*